Ավինյանը հերքեց ԵԱՏՄ-ից նվիրատվություն ստացած մեքենաներից մեկն իր կողմից օգտագործվելու մասին լուրերը
ՔաղաքականՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքեց այն լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից: Այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:
«Կառավարության որոշման համաձայն՝ չորս ավտոմեքենաներից երկուսից մեկը պետգույքի բալանսին է, և չի շահագործվում, մեկը տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ ավտոպարկը թարմացնելու նպատակով, երկուսը մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում: Դրանք բավական թարմ ավտոմեքենաներ են, կարող էին ավտոպարկը թարմացնել, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմնում չորս նմանատիպ ավտոմեքենա պահելու նպատակահարմարություն չկար: Ենթադրաբար, ավտոմեքենաներից մի քանիսը չեն էլ շահագործվելու: Ցանկանում եմ նաև նշել, որ ավտոպարկն այս կառավարության օրոք կտրուկ կրճատվել է, և մոտ 150 ավտոմեքենա է կրճատվել, դրա հետ կապված մոտ 20 մլրդ դրամի տնտեսում ունենք»,- ասաց Ավինյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ԵԱՏՄ-ից Հայաստանին որպես նվիրատվություն հանձնված Տոյոտա մակնիշի չորս ավտոմեքենաներից մեկն անթույլատրելիորեն օգտագործում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: