Խորհուրդ կտայի չկրկնել նախկին իշխանությունների սխալները. այսօր մեկ անձի իշխանություն է. Արմեն Ռուստամյան
ПолитическиеՎերնատուն հասարա-քաղաքական ակումբի համաժողովին ներկա է ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Նա համաժողովի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին. «Ես խորհուրդ կտայի իշխանություններին չկրկնել նախկին իշխանությունների սխալները: Այսօր հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, չի լինում իշխանության գովերգում, միանգամից սկսում են պիտակավորել՝ սև ես, թալանչի ես, նախկին ես: Թալանից են խոսում մարդիկ, ովքեր հազարավոր փաստերով առնչվում են թալանի հետ: Այս իշխանությունները պիտի իմանան, որ իրենք անում են քայլեր, որոնք կուտակվում են և չեն մոռացվելու: Հակընդդեմ հայցով հանդես են գալու բոլոր նրանք, ովքեր տուժել են այս ոտնձգությունների, կամայականությունների ընթացքում»:
Նա պնդում է, որ իրավական դաշտում այսօր տիրում է «բեսպրիդելն» ու «սամասուդ»-ը, իսկ դա անհետևանք չի մնալու: Անդրադառնալով դաշնակցական երիտասարդների` ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ պայքարին, Ռուստամյանն ասաց. «Նախարարի անձի դեմ չէ մեր երիտասարդների պայքարը, այլ նրա վարած քաղաքականության»:
Նախարարը չի հասկանում, որ ոչ թե պետք է նայի, թե ով է քննադատողը, այլ, թե ինչի համար է քննադատում. «Բովանդակությանն անդրադառնալու փոխարեն, նա անձնավորում է երիտասարդների պայքարը»:
Ռուստամյանը պնդեց, որ Նոր Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը միայն մեկ մարդու իշխանության տակ են գտնվում և ժողովրդավարության մակարդակը հավասարվել է զրոյի. «Այս իշխանությունը ինչն է մերժել. մերժել է անձին, մերժել է Սերժին: Չի մերժել ոչ մի արատավոր երևույթ: Սերժի կատարած սխալները կրկնում է այս իշխանությունը: Այսօր ամեն ինչ մի հոգի է որոշում, այսօր մեկ անձի իշխանություն է: Նախորդ քսան տարիներին էլ մի բան չէր, այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ կրկնում: Մենք Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն կողմ ենք քվեարկել, որովհետև մեր ժողովուրդը նույն Սերժ Սարգսյանին էր ընտրել 2018 թ-ին: Մեզ մեղադրանք ներկայացնելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր ինձ նման Սերժ Սարգսյանին և կամ Հանրապետականին երբեք չեն ընտրել: Ես նրանց երբեք չեմ ընտրել»:
Բազմաթիվ այլ հարցերի անդրադարձը` տեսանյութում: