«Ի՞նչ եք ընկել ստից բաների հետևից, մենք այնքան մաքուր ենք, որ խնդալս էլ է գալիս»
Видео«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ նորից պնդեց, որ ինքը միջնորդավորված ձևով չի սպառնացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ կապված քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծի հետ, որի հիմնական զեկուցողը Բաղդասարյանն է. «Ես չեմ ճանաչում այդ աղջկան, չգիտեմ էլ` ով է»:
Լրագրողները հիշեցրին, որ Ղուկասյանը տարիներ առաջ հարցազրույց է տվել Բաղդասարյանին. «Հիմա դուք էլ եք հարցեր տալիս, բոլորիդ հո չեմ ճանաչում, հո չեմ հիշում: Ինքն ասում է, որ ես իրեն սպառնացել եմ, կամ մենք խոսել ենք: Էդ ստերը, որ տարածում եք, վերջում կզգաք, որ ես այդպիսի բան չեմ արել: Երեխեք, հիմա ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք: Ես զարմանում եմ, թե դուք ինչո՞ւ եք հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի, ինչո՞ւ եք խառնվո՞ւմ որ: Ձեր տերերին մի բան եմ ասում ՝ ինձնից հեռու մնացեք, ես շատ շնորքով մարդ եմ, հայրենասեր ու հավատացյալ, երկիր սիրող»: Լրագրողի այն հարցը, թե ով է նրա տերը` ՀՀԿ-ն , թե՞ ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանին դուր չեկավ. «Իմ տերն Աստված է, իսկ քո տերը հավանական է շատերն են տղա ջան, ես տեր չունեմ: Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ մինչև այսօր տերեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու 10 հատ կունենաս»:
Լրագրողները պատգամավորին հիշեցրին օրեր առաջ արած հայտարարությունն ու դրանից հետո սոցցանցերում օգտատերերի բազում գրառումներն առ այն, որ հենց Ղուկասյանի օրոք է Գյումրին կրիմինալ քաղաքի վերածվել, որ Գյումրու «Օազիս» սրճարանում Վարդան Ղուկասյանի կողմից են հնչել կրակոցներ, որ «Դուետ» սրճարանում սպանության դեպքերը հենց այդ տարիներին են եղել. ««Օազիս» սրճարանում, որ նման բան եք ասում, դուք և ձեր լրատվական կառույցները նմանատիպ զրպարտանքներ ներկայացնելով՝ խայծ եք գցում, հետո պարզում եք, թե ոչ, ես ոչ մի բանի մեջ ներկա չեմ եղել, այդ հարցերով ինձ հետ կապված քրեական գործ չի եղել: «Դուետ» սրճարանի տիրոջ հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ոնց կարող է նմանատիպ բան լինի, էդ դուք եք արել, ձեր տերերն են անում»:
Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքվեցին նաև իր որդու՝ բանակից ազատվելու պատճառների մասին: Պատգամավորը ներկայացրեց պատճառը, թե ինչո՞ ւ է նա ազատվել բանակից և հավելեց. «Ի՞նչ եք ընկել ստից բաների հետևից, մենք այնքան մաքուր ենք, որ խնդալս էլ է գալիս»: