Լրտեսական սկանդալ Սերբիայում. սերբ սպան փող է վերցրել ռուս հետախույզից (տեսանյութ)
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սկսել է հետաքրքրվել տեղեկություններով, որոնց համաձայն, Ռուսաստանի ռազմական կցորդը փորձել է կաշառել սերբական բանակի սպային։ Այս մասին հայտնել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը Blic թերթին տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարը ռազմական անվտանգության գործակալությանը հանձնարարել է ճշտել տեղեկության ճշգրտությունը:
«Մենք բոլոր տվյալները չունենք, բայց եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա դա կլինի լուրջ հարց և խնդիր մեզ համար»,- ասել է Բրնաբիչը:
Խոսքը՝ YouTube-ում նոյեմբերի 17-ին տեղադրված տեսանյութի մասին է: Հրապարակված կադրերում երևում է Բելգրադի կայանատեղիներից մեկում երկու տղամարդկանց հանդիպումը: Ենթադրաբար, նրանցից մեկը սերբ սպա է, մյուսը` ռուսական բանակի փոխգնդապետ Գեորգի Կլեբանը: Հանդիպման ընթացքում Կլեբանը փողի փաթեթ է տալիս սերբին, որից հետո մոտենում է մեքենային:
Այլ կադրերում ցուցադրվում են տղամարդկանց ևս մի քանի հանդիպումներ, այդ թվում ՝ պանդոկ այցելությունը և պայուսակի ու ծրարի հանձնելը: Եզրափակիչ կադրերում սերբ սպան նստում է մեքենան և հաշվում ծրարից հանված գումարը:
Blic-ի տեղեկություններով՝ Կլեբանն աշխատել է Բելգրադում Ռուսաստանի դեսպանությունում և աշխատանքից հեռացվել է այս տարվա հունիսին: