Նոր Հայաստանի «հին» պաշտոնյաները. ում և ինչում էր նախկինում մեղադրում Փաշինյանը
AnalyticalԱյնպես է ստացվել, որ Նոր Հայաստանում իրենց գործունեությունն են շարունակում մի շարք պաշտոնյաներ, որոնք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին ամենասուր քննադատությանն էին արժանանում: Հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից վերջիններիս մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության մեջ, և դա է տարակուսելի դարձնում այն հանգամանքը, որ այդ պաշտոնյաները տեղ են գտել Նոր Հայաստանում:
Օրինակ, երբ ԱԺ-ում քննարկվում էր գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի նշանակման հարցը, Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ ելույթ ունեցավ, ասելով, որ խորհրդավորություն կա նաև գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի շուրջ: Նա «Հարսնաքարի» գործով մեղադրող էր, երբ սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Այդ գործից հետո, երբ նա ապացուցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի անմեղսակցությունը, պաշտոնի բարձրացում ստացավ»,- ասել էր Փաշինյանը: Արդյո՞ք այսօր չկա որևէ խորհրդավորություն, և դա է պատճառը, որ դատախազը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլ մի բան էլ պարգևատրվում է Փաշինյանի կողմից:
Ավելորդ է հիշեցնել, թե ինչպիսի մեղադրանքներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին: 2013-ին դեռևս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում մեղադրեց Տիգրան Մուկուչյանին, որ վերջինը, լինելով ԿԸՀ նախագահ, պատշաճ ուշադրություն չի դարձրել մամուլի հրապարակումներին, տպագրած դիմում-բողոքներին և անձամբ է կեղծել խորհրդարանական ընտրությունները, մեկ ամիս առաջ անցկացված նախագահական ընտրությունները և կեղծելու է նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները: Այսօր Մուկուչյանը շարունակում է պաշտոնավարել, հարց է առաջանում՝ ո՞ր արժանիքների համար, ընտրություններ կեղծելու՞…
Փաշինյանը բազմիցս է մեղադրել նաև Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին թվեր նկարելու մեջ: Վերջինս, ըստ Փաշինյանի, ապահովում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գրանցված տնտեսական աճը, սակայն միայն թվերի վրա: Այսօր Մնացականյանը շարունակում է պաշտոնավարել, ստացվում է` նրա նկարչական տաղանդը պետք է եկել նաև նոր իշխանություններին...