ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ
Արտաքին ՔաղաքականՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ողջունելով Արլեմ Դեզիրին, ով Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնել է, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և կառուցողական համագործակցության մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը: Նախարար Մնացականյանը նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին:
Նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի շուրջ: ԱԳ նախարարն առանձնակի կարևորել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի և մամուլի ազատության ապահովումը: