Հայկ Մարությանը՝ Տարոն Մարգարյանի հետքերով. ո՞ւր մնացին հեղափոխական ծրագրերը
АналитическийԸնդամենը մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու իր թիմը հանրության դատին ներկայացրին Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը, որը պարունակում էր, այսպես ասած, մեգանախագծեր, որոնք հենց սկզբից փորձագետների կողմից անվանվեցին անհնարին՝ իրականացման համար, սակայն Մարությանը ստիպված էր այդ կետերը ներառել սույն հեղափոխական ծրագրում, քանի որ այդ ծրագրերի իրականացումը իր և իր թիմի նախընտրական խոստումների մի մասն էին կազմում: Սակայն անցել է մեկ տարի, և բանից պարզվում է, որ քաղաքապետարանը ոչ միայն չի պատրաստվում կյանքի կոչել իր իսկ կողմից առաջ քաշված պրոյեկտները, այլև մի բան էլ, հանրության աչքից հեռու և գաղտագողի կերպով հանել է վերոնշյալ կետերը Երևանի զարգացման հնգամյա ծրագրից, ընդ որում, հանել է առանց որևէ պատճառաբանության:
Փաստորեն, այլևս Մարությանի համար ակտուալ չեն Կինոհայրենիքի մոտակայքում էստակադայի կառուցման, վերելակների փոխարինման, վթարային շենքերի փոխարեն նորերի կառուցման ծրագրերը: Եթե սրանց էլ գումարենք այն խոստումները, որոնցից Մարությանն արդեն իսկ «թռել» է՝ աղբահանության խնդրի լուծում, մետրոյի նոր կայարանի կառուցում, կարմիր գծերի չեղարկում, Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանցի ստեղծում, ապա հարց է առաջանում. իսկ կա՞ ընդհանրապես խոստում, որը Մարությանը կատարել է: Քաղաքային իշխանությունները կարող են պնդել, որ վերոնշյալ նախագծերի իրականացման համար գումար չկա, սակայն, այդ դեպքում ուր մնաց Երևանի բյուջեի պրոֆիցիտը, գուցե ամբողջությամբ գնացել է պարգևատրումների և աշխաավարձերի բարձրացման վրա, այն պատճառաբանությամբ, որ օր ու գիշեր Երևանի համար ճգնողները պետք է հավուր պատշաճի վարձատրվեն, եթե, իհարկե, կարելի է, ընդհանրապես, խոսել պատշաճության մասին, մի պարագայում, երբ երևանցիները դեռ շարունակում են նստել մահվան վերելակներ ու կիսաքանդ գազելներ:
Մարությանի ծրագիրը այլևս հեղափոխական չէ, Մարությանի ծրագիրը ավելի թույլ է, քան Տարոն Մարգարյանինը, որի ներկայացրած հնգամյա զարգացման ծրագիրը, ընդամենը, բաժակաճառերի ժողովածու էր: Մասնավորապես, նախին քաղաքապետի՝ Երևանի զարգացման ռազմավարության անկյունաքարերն էին «Էրեբունի-Երևան» փառատոնը, «Երևան Տարազ» ֆեստը, «Համով-հոտով Երևան» փառատոնը, ասել է թե՝ ուտել–խմելը և ժամանցի կազմակերպումը: Թերևս, նոր իշխանությունները ևս հասկացել են, որ իրենց մոտ էլ ամենալավը ստացվում է մարդկանց տեսարաններ հրամցնելը, և որոշել են հեծանիվ չհորինել…