Նոր իշխանությունների սկանդալային դեմքերը. Հայկ Մարության (մաս II)
AnalyticalՇարունակելով նոր իշխանությունների սկանդալային դեմքերը շարքը, այսօր ցանկանում ենք անդրադառնալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է հայտնվել մի շարք սկանդալների կիզակետում: Սկանդալները սկսեցին հենց Երևանի ավագանու ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մարությանը իրեն թույլ տվեց քաղաքական դաշտը բաժանել յուրայինների և օտարներին, հայտարարելով, որ այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր՝ պաշտոնապես հայտարարելով, որ իրենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ իրենց թիմը հաջողություն ունենա, սև ուժերն են։ Ապա բացատրեց՝ ինչու է այդպես ասում․ «Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»։ Մարությանի այս խոսքը, մոտավորապես, նման էր այն հայտնի մտքին, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», ինչը, դժվար թե լավ տեղ տանի։
Արդեն քաղաքապետ ընտրվելուց հետո հիշարժան է Մարությանի՝ «ԿամԱԶ»–ների հետ կապված սկանդալային պատմության կիզակետում հայտնվելու փաստը: Միայն թե, արձանագրենք, որ մինչ օրս էլ, չգիտես ինչու, այդ ամենը չի արժանացել պատկան մարմինների պատշաճ ուշադրությանը՝ չնայած այնտեղ ակնհայտորեն առկա կոռուպցիոն ռիսկերին:
Երեւանի քաղաքապետարը, ինչպես և մյուս պետական մարմինները ևս համեստություն չի արել՝ բյուջեից պարգևատրումներ կորզելու հարցում: Սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները հերթական պարգեւատրումներն են ստացել: Մարությանն ինքն իրեն էլ է պարգեւատրել։ Հայկ Մարությանի որոշմամբ՝ քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը եւ Սերգեյ Հարությունյանն, ինչպես նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը ստացել են 965 000-ական ՀՀ դրամի չափով պարգեւատրում: Մեծ պարգեւատրումներ են ստացել նաեւ թաղապետերն ու վարչության պետերը՝ 840 000-ական ՀՀ դրամի չափով:
Սակայն, ինչպես երևում է, Կամազների շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակները շարունակում են հետապնդել Մարությանին: Մոտ 10 օր առաջ մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներ են նվիրել, նվիրատուն էլ Սամվել Ալեքսանյանն է: Իհարկե, քաղաքապետարանից շտապեցին հերքել այդ տեղեկությունը, իսկ ինքը Մարությանը հայտարարեց, որ չի հիշում, թե ովքեր են բարերարարները: Երեկ, սակայն, տեղի տալով մամուլի ճնշումներին՝ քաղաքապետարանը հրապարակեց նվիրատուների ցանկը, ընդ որում՝ մասնակի, որտեղ առկա էր նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի անունը, որը 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին՝ յուրաքանչյուրը մոտ 100 հազար դոլար արժողությամբ։ Սրանից զատ՝ քաղաքապետարանին 10 հատ աղբատար «ԳԱԶ» եւ 4 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի մեքենա է նվիրել նաեւ «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցապատող ընկերություն է: Մարությանը, ինչպես երևում է, կրկին ստել է, և որպեսզի խուսափի տհաճ հարցերին պատասխանելուց՝ արձակուրդ է մեկնել, չնայած, որ նոր էր վերադարձել վաստակած հանգստից…
Կարելի է փաստել,որ Երևանի քաղաքապետը, տապալելով քաղաքի կառավարման ողջ գործընթացը, լիովին կարող է դիտարկվել, իբրև, նոր իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկը…
Շարունակելի…