Օնկոլոգիական խնդիրները բախում են երևանցիների դուռը. օդն աղտոտված է
SocietyԵրևանի օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ է, մարդիկ բողոքում են, որ առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Այս թեմայի շուրջ իր մտահոգությունն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինը, քանի որ Երևանում ապրելու 4 ամիսների ընթացքում նկատել է, որ ինքնազգացողությունը վատթարացել է, պատճառներից մեկն էլ նա համարում է Հայաստանի էկոլոգիան:
«Լապշինի գրառումը մտահոգիչ էր, քանի որ նա անդրադառնում էր Երևանի էկոլոգիային և օդի աղտոտվածությանը: Ներկայացնում էր մի քանի հիմնական պատճառներ, որոնցից մեկը՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոչ արդի մեթոդներով գործունեությունն է: Հանքարդյունաբերության ոլորտը բավականին հետադիմական է, գործում են հին տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում աղտոտումներ են տեղի ունենում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, թեման շարունակելով, ասաց Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Փորձագետը մտահոգիչ է համարում ինչպես Երևանի էկոլոգիայի խնդիրը, այնպես էլ մարզերի. «Օդի աղտոտվածությունը բերում է օնկոլոգիական խնդիրների, սիրտանոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների, որպեսզի հստակ պատճառահետևանքային կապը երևա և հստակ կարողանանք ասել, որ այդ հիվանդությունները առաջանում են բարձր կոնցենտրացիաներից, պետք է պետական քաղաքականության մակարդակով լուրջ գնահատում իրականացվի: Խիստ կարևոր է, որ այն չլինի ձևական, այլ արվի հստակ արդյունքներ արձանագրելու համար, մշակի կոնկրետ մեխանիզմներ: Կարող ենք կիրառել Եվրոպական միության երկրների պրակտիկան, ինչպես նաև Համաշխարհային առողջապահական կազմակերպության փորձը»:
Դեկտեմբերի 6-ին նախատեսվում է կոնֆերանս, որտեղ ներկայացվելու են աղտոտված տարածքների, գյուղմթերքների և մարդկանց առողջությանը վերաբերվող ուսումնասիրությունների արդյունքները: Օլեգ Դուրգարյանն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարել Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքներում, փորձանմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիատեխնիկական ինստիտուտում, կոնֆերասին կտան հստակ առաջարկներ, թե ինչպես պայքարել խնդրի դեմ. «Մեր գլխավոր նպատակն այն է, որ մեր պետությունը մշակի քաղաքականություն, որով պետք է իրականացվի շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատումը՝ մարդկաց առողջության վրա»:
Նույն խնդրի մասին խոսել է նաև լրագրող Անի Քոչարը, ով ծանր հիվանդությունը Գերմանիայում հաղթահարելուց հետո վերադարձել է Երևան և նկատել՝ այստեղ կանաչապատ Եվրոպայից հետո օդը հեղձուցիչ է. «Հայաստան վերադառնալուս առաջին օրերին օդը տանել չէի կարողանում, շնչահեղձ էի լինում: Երևանում ապրողները չեն նկատում, քանզի արդեն սովորել են, բայց բավական է գնալ կանաչապատ Եվրոպա և հետ վերադառնալ, օդի փոփոխությունն անմիջապես նկատելի կլինի:
Անպայման կարդացեք, շատ ճիշտ դիտարկումներ են, որոնք պետք է մեր իշխանություններին մտածելու և գործելու տեղիք տան»,- գրել է Անի Քոչարը: