Իշխանությունը «գրպանի» Սահմանադրական դատարան է ուզում ունենալ. կարծիք
RightԵրեկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նոր նախագիծը, համաձայն որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը կամովի թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը՝ կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Նախարարը նաև նշել էր, որ այս կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը, և հանրության կողմից վստահություն չունեցող դատավորներին «պատվավոր հեռանալու» հնարավորություն տալ: Նոր նախագծի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
«Իշխանությունն ուզում է ունենալ «գրպանի» Սահմանադրական դատարան: Ես կարծում եմ, որ հենց Ռոբերտ Քոչարյանի գործով ուզում են ինչ-որ որոշումներ ստանալ Սահմանադրական դատարանից: Այս քայլերը ուղղակիորեն համընկնում են Քոչարյանի գործի ընթացքում ՍԴ կողմից նախկին նախագահին վերաբերող որոշումների կայացնելու հետ»,- ասաց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե ինչու է նախագիծը վերաբերում հենց Սահմադրական դատարանի դատավորներին, փաստաբանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ընդհանուր իրավասության դատարաններում իրենց առջև դրված խնդիրը կարողանում են լուծել՝ իրենց նախընտրած դատավորների գործերը մակագրելով և ճնշումներ իրականացնելով»:
Փաստաբանի խոսքով՝ նախագծի նպատակն այն է, որ ցանկացած պահի ՍԴ-ն պատրաստ լինի հնազանդվել օրենսդիր և գործադիր իշխանություների քմահաճույքին: