Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին. Ամրամ Մակինյան. 168.am
ПолитическиеՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին՝ շեշտելով, որ այն անհիմն է. «ՀՔԾ-ն իրավունք չուներ պարոն նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու, որովհետև 2005թ. և 2015թ. սահմանադրական փոփոխություններն ուղիղ արգելք են դրել՝ սահմանելով, որ Հանրապետության նախագահը չի կարող հետապնդվել՝ իր պաշտոնեական դիրքից բխող գործողությունների կատարման համար: Զավեշտի է հասնում, որ որպես մեղադրյալ՝ որոշմամբ է անգամ արձանագրված, որ ենթադրյալ վերագրվող արարքն առնչություն ունի պաշտոնեական դիրքին, և ինչպե՞ս կարելի էր Սահմանադրության անտեսմամբ՝ հանրապետության նախագահին որպես մեղադրյալ ներգրավել: Սա առանցքն է այն ապօրինությունների, որն այս պահին կատարվում է պարոն նախագահի նկատմամբ»:
Պաշտպանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հնարավորություն տվեց այն մարդկանց կամ մարդուն՝ սահմանափակել Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից.
«Թե ինչու՝ ինչուները բավականին շատ են: Սերժ Սարգսյանը չէր կարող արտերկիր պլանավորած այցեր չունենալ: Թերևս չկոնկրատացնեմ՝ որտեղ, երբ, բայց չէր կարող չունենալ: Նաև մարդիկ էին տեղյակ, որ նա ուներ պլանավորած այցեր, և այս ապօրինությամբ սահմանափակվեց պարոն նախագահի ելքը հանրապետությունից»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում