Առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են. Գաբրիել Բալայան
PoliticalՊաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած այն հայտարարությանը, թե Արցախի հարցում քաղաքական լուծում պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների արդյունքում:
«Լավ է, խելքի են գալիս, որ պետք է բանակցային գործընթացով հարցը կարգավորվի եւ ռազմական հռետորաբանությունը նվազում է»:
Այն հարցին, թե կարող է շփման գծում լարվածություն դիտվի՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց.
«Բանակցությունների ցանկացած ընթացքին զինված ուժերը պատրաստ են, խնդրում եմ, անհոգ եղեք, բանակցության ցանկացած ելքին ԶՈՒ-ն պատրաստ է: Բանակցությունների ընթացքը որեւէ ձեւով չի ազդում ԶՈՒ պատրաստվածության վրա, մարտական պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են: Բոլոր նախատեսված միջոցառումներն իրականացվում են: Այսօր պետբյուջեի քննարկումներն են, վարչապետն էլ հայտարարեց, որ բավական լուրջ ձեռքբերումներ ունենք ԶՈՒ-ում: Դա, իրոք, փաստ է, դեռ շատ բան չենք էլ կարողանում հրապարակել, թե ինչպիսի ձեռքբերումներ ունենք: Այդ առումով, խնդրում եմ, որ ի գիտություն ընդունել, որ որևիցե բանակցային գործընթաց չի խանգարում, որոշակի առումով օժանդակում է, բայց չի խանգարում մեր ԶՈՒ-ին ավելի մարտունակությունը բարձրացնելու, զգոնությունը բարձրացնելու: Մենք մեր իրավասությունների շրջանակներում ամեն օր զարգացումն ապահովում ենք»:
Գաբրիել Բալայանը նաև ասաց, որ սահմանին որոշակի լարվածություն է նկատվել բանակցային գործընթացից առաջ, իսկ վերջին օրերին կրակոցների քանակի կտրուկ ավելացում կամ նվազում չի եղել:
«Բավական դրական դինամիկա ունենք, իմիջիայլոց, եթե չնշենք անցած շաբաթ վիրավորում ստացած զինծառայողի դեպքը, որի համար խիստ պատասխան ենք տվել, մնացածն իր ընթացքով գնում է»: