Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կմերժի կառավարությունը. Գաբրիել Բալայան
ПолитическиеՊաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև առաջիկա զորակոչին: Նա վստահեցրեց, որ գործող օրենքի ժամկետը չի երկարացվելու:
«Օրենքի վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է, այն գործում է 2014 թվականից, և կառավարության կարծիքը խիստ ու վերջնական է՝ օրենքի ժամկետը չի երկարացվելու: Այսինքն՝ ես մեր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև մարտի 1-ը, հորդորում եմ վերադառնալ Հայաստան, որովհետև հետո նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»:
Փոխնախարարն անդրադարձավ նաև պատգամավորների կողմից առաջարկվող՝ օրենքի փոփոխություններին, որոնցից մեկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունն էր: Բալայանն ասաց, որ այդ նախաձեռնությանը կառավարությունը, հավանաբար, բացասական եզրակացություն կտա և կմերժի:
Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։
Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել ևս 23 ամիս:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների և միևնույնն է, վերոհիշյալ կամ որևէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով եւ իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները: