«Հաղթելն էլ, պարտվելն էլ տղու համար ա». Թլիկի գյուղապետը հուսախաբ է եղել
ՔաղաքականԱրագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը ընտրությունում պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Հիշեցնենք, որ նա գործող գյուղապետն է: Նախորդ անգամ թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 14 կողմ ձայնով:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում առաջադրված և չընտրված միակ թեկնածուն ասաց, որ չգիտի, թե ինչու են վերջին վայրկյանին բնակիչները հետ կանգնել իրեն ընտրելու մտքից: Միայն նշեց, որ մարդիկ կան՝ իր լավը չեն ցանկանում:
«Հաղթելն էլ, պարտվելն էլ տղու համար ա, բայց մեր գյուղացիք հուսախաբ արին ինձ»:
Համայնքում 40-օրյա ժամկետում սպասվում են նոր ընտրություններ: Սալոյանը տեղեկացրեց, որ սպասվելիք ընտրությանը կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Հարցին, թե այս անգամ կրկին մենակ է լինելու՝ պատասխանեց. «Չգիտեմ՝ նորից մենակ եմ լինելու, թե՝ ոչ, բայց այս անգամ հաստատ հաղթելու եմ»:
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:
Աիդա Կիրակոսյան