Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ազատ է արձակվել Սարգիս Օհանջանյանը, ում նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարեկ Մութաֆյանը կլինի տանը»,- գրել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: