Ստացվում է՝ ծառայողները «հարիֆ» են. օրենքը խրախուսում է ծառայությունից խուսափելը
SocietyԱյսօր ՀՀ կառավարությունում որոշում կայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը չերկարաձգվելու մասին: Գործող օրենքի համաձայն, 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները, սահմանված ժամկետում մուծելով օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, կարող են վերադառնալ հայրենիք: Նրանք նաև ազատվում էին քրեական հետապնդումից: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:
«Այդ օրենքը շատ վաղուց են փորձում չերկարացնել, բայց ամեն անգամ՝ վերջին պահին, ինչ-որ բան փոխվում է ու նորից երկարացնում են: Ես համոզված եմ, որ չարժի երկարացնել: Ըստ էության՝ այդ օրենքը խրախուսում է ծառայությունից խուսափելը, որովհետև մարդիկ տարբեր միջոցներով իրանց որդիներին ուղարկում են արտերկիր՝ այն հույսով, որ մինչև 27 տարին դրսում կմնա, իսկ եթե, հետո ուզենա վերադառնալ, ապա գումար կվճարեն ու հանգիստ կվերադառնա»,- ընդգծեց նա:
Վրթանեսյանի խոսքով, այս տարբերակով՝ նրանք շատ հանգիստ վերադառնում են հայրենիք՝ խուսափելով ծառայությունից և օրենքի առջև էլ մաքուր են մնում:
«Այն մարդիկ, ովքեր ծառայում են՝ կյանքն ու առողջությունը վտանգելով, ստացվում է մյուսների միջի «հարիֆն» են: Իսկ սա, բանականաբար, սխալ մոտեցում է: Հույս ունեմ, որ սա վերջին անգամը կլինի, ու օրենքն, իրոք, չի երկարացվի: Կարծում եմ՝ վաղուց պետք է դա անեին»,- խոսքն ամփոփելով՝ ասաց փորձագետը:
Լուսինե Մարդոյան