Ինչ ճակատագիր կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը
Общество«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հետագա հեռարձակման հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությանը նամակ է ուղարկել, որպեսզի հաղորդման 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնեն։
«Ես ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել: Նախկինում էլ էի ասել, որ պատասխան չունենալու դեպքում դրամահավաք կսկսեմ: Չգիտեմ, գուցե մոտական օրերի ընթացքում պատասխան նամակ ստանամ: Բայց եթե չլինի նախատեսածի պես, երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսեմ դրամահավաքը»,- ասաց Քոչարյանը:
Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում նկարահանվում և եթեր է հեռարձակվում 2002թ-ից:
Հիշեցնենք, որ ֆինանսավորվում է ոչ թե հաղորդումը, այլ՝ արտոնագիրը և որպեսզի հաղորդման հետագա հեռարձակումը չդադարեցվի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։ Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը դիտարկում են ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։
Նկատենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև Սամվել Ֆարմանյանը: