Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը
PoliticalՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը վերջերս է լքել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, չի բացառում, որ առաջիկայում կարող է հիմնել իր կուսակցությունը: Բաբաջանյանն այս մասին ասաց իր նախաձեռնությամբ հրավիրված հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի:
«Այս հավաքը՝ լրիվ առանձին: Ես չեմ բացառում, որ լրիվ առանձին իմ կուսակցության նախաձեռնության շուրջ կլինեն զարգացումներ, խմորումներ, քննարկումներ»,-ասաց Բաբաջանյանն ու հավելեց՝ այդ մասին, հավանաբար, առիթ կունենա խոսելու հաջորդ տարի:
Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը՝ Բաբաջանյանը նշեց, կարծում է, որ իրեն ոչինչ չի խանգարի, որպեսզի իր առանձին գործունեությունը որպես պատգամավոր կարողանա շարունակել խորհրդարանում: