Ոչ թե այսուհետ կարողանալու ենք Անի գնալ, այլ՝ կարող ենք միայն նայել Անիին
Հասարակություն
Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող գյուղի մուտքի ռեժիմը փոխվելու է, որի արդյունքում բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասել է ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նորությունը բուռն արձագանք ստացավ հանրության շրջանում, քանի որ շատերն են ցանկանում տեսնել իրենց պատմական հայրենիքը կամ նախնիների ծննդավայրը: Մինչդեռ նախաձեռնությունը ուղղակի սխալ է հասկացվել: Թե ինչ է եղել իրականում ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից:
«Հիմա մեր քաղաքացիները կարող են ավելի մոտիկից ու ավելի հեշտացված կարգով տեսնել Անին: Ուզում եմ նշել, որ ոչ թե այսուհետ կարողանալու ենք Անի գնալ, այլ՝ առավելագույնս մոտենում ենք այն կետին, որտեղից կարող ենք նայել Անիին»,-ընդգծեց նա:
Իսպիրյանի խոսքով՝ սա լավ նախաձեռնություն է ինչպես հայաստանցիներիս համար, այնպես էլ՝ մեր երկիր եկած հյուրերի համար. «Գաղտնիք չէ, որ բոլորը չունեն հնարավորություն, ժամանակ, գումար Վրաստանով Թուրքիա, ապա Արևմտյան Հայաստան գնալու համար, իսկ հիմա գոնե մոտիկից կկարողանանք տեսնել»:
Նա նաև նշեց, որ նախկինում այս ամենը շատ բարդ գործընթաց էր մոտենալ ու նայել Անիին. «Սա նաև լավ նախաձեռնություն է տուրիզմի զարգացման համար»:
Նշենք, որ Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն գյուղը մայրաքաղաք Անիից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույտվությունը։