Այն, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի՝ անհեթեթություն է. Ալիև
ForeignԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։
«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:
Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա:
«Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. - «2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։