Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
ՎրաստանՀունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը:
Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական գործիչներ, բազում հավատացյալներ:
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: