«Սեքյուրիթի դրիմի» վարչության պետին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու համար. Փաստինֆո
ԻրավունքՓաստաթղթերը կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Նիկոյանը տեղեկացրեց, որ Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, այն է՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթղթեր կեղծելը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցներ Միքայել Պողոսյանի և Սիսակ Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը նշել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել՝ իր աշխատանքի չներկայանալու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմվելու վերաբերյալ։
«Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանը տնօրենի` Արթուր Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ կեղծ զեկուցագիր է գրել, որ 2019թ.-ի մարտի 1-ին ամբողջ օրն աշխատանքի չեմ ներկայացել»,-նշել էր Միքայել Պողոսյանը։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, որից օրեր անց` մարտի 5-ին, արգելափակվել են աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և վերջիններս աշխատակիցների խոսքով անհիմն հեռացվել են աշխատանքից։