Որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին․ Թորոսյանը՝ ծննդատների լուծարման մասին
SocietyՀայաստանի բոլոր ծննդօգնություն ցույց տվող բուժհաստատությունները 2018 թվականից ունեցան իրենց, այսպես ասած, անձնագրերը, որոնք վերլուծությունների արդյունքում ստացանք։
Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մի քանի ծննդատների լուծարման մասին:
«Սա թափանցիկ, վաղուց սկսված գործընթաց է, որը շարունակական է լինելու։ Միշտ կարող են լինել կարգերի փոփոխություն, սա մշտական պրոցես է։ Գրեթե բոլոր ծառությունների մասով այսպես պետք է լինի, պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների և գործեն կամ ոչ ըստ իրենց ունեցած կարգի։ Ըստ մակարդակի` կունենանք նաև մանկաբուժական ծառայություններ մատուցող հաստատությունների համար չափորոշիչներ։ Մարալիկ, Աչաջուր, Արտեմի, Քաջարան, Արծվաբերդ, Նաիրի ԲԿ, (Եղվարդ) այստեղ կան առողջության կենտրոններ, որոնք գյուղական ամբուլատորիաներ են, պարզապես վերանվանվել են առողջության կենտրոնի»,-ասաց նախարարը։
Թորոսյանը անդրադարձավ նաև ամենաշատ քննարկվող՝ ինչու տարեկան 150 ծնունդ հարցին։
«Դա շատ փոքր թիվ է, ամենասկզբից քննարկում էինք 300, սակայն ունենալով վիճակագրություն, շեմն իջեցրինք 150, որ, գոնե, 2 օրը մեկ լինի ծնունդ։
Մեր ցանկությունը նույն բուժհաստատությունում շատ ծնունդներ ընդունելն է։ Մենք ուզում ենք մանկական և մոր մահացության դեմ լուրջ զբաղվեն, եթե մենք դա ուզում ենք, ապա մեր քաղաքականությունը այս հարցում շատ ճիշտ է։ Եթե սա ընդունելի սկզբունք է, ապա բանակցելու շատ բան չկա, եթե ընդունելի չէ, ուրեմն լուրջ խնդիր ունենք։ Երբ ասում են, որ իրենց մոտ մահերի դեպքեր չեն եղել, պատճառն այն է, որ ռիսկային դեպքերի ժամանակ տեղափոխում են ավելի բարձր մակարդակի ծննդատուն։ Ինչի դա անել ռիսկային, հրատապ, երբ կարելի է անել պլանավորած»,-նշեց նախարարը։
Հարցին, թե քանի՞ ծննդատուն է փակվելու և ի՞նչ է լինելու ծննդատներում աշխատող մասնագետների հետ, Թորոսյանը պատասխանեց․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս որոշմամբ որևէ ծննդատուն չի փակվում։ Եթե Մարալիկի առողջության կենտրոնի ծննդօգնության ծառայությունում կլուծվեն անեստեզիոլոգի, հղիների ինտենսիվ թերապիայի պալատի, նորածնային ինտեսնիվ թերապիայի հարցերը, ու մենք կտեսնենք, որ 102 թիվը մոտ է 150-ին, մենք կվերանայենք մեր որոշումը։ Իսկ ինչ վերաբերվում է բուժաշխատողներին, նշեմ, որ նրանք մի քանի ֆունկցիա են կատարում և մենք պատրաստ ենք նրանց այլ ձևով ծանրաբեռնելու հարցը, օրինակ մանկաբարձների համար կարելի բուժքույրական ծառայություն ապահովել։ Բայց պետք է նշեմ, որ որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին»,-ասաց նախարարը։