ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը
RightՀատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։
Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-նշեց նա։
Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: