Լրագրողի հարցին, թե խմբակցությունում այդ հարցը քննարկվելու է, ինչպես Սոֆյա Հովսեփյանն էր նշել, Մակունցն ասաց․ «Չգիտեմ, թե ձեզ որտեղից այն ինֆորմացիան, որ խմբակցությունում պետք է հարցը քննարկենք, ամեն դեպքում ես Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկատվություն չեմ տվել։ Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք, եւ ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները բնականաբար ընդունելի չէին, ու որի կապակցությամբ պարոն Սարուխանյանը հրապարակային ներողություն հայտնել է։ Մնացյալ հարցերը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են հենց կուսակցության ներսում»։
Հարցին՝ ներողությունը հավուր պատշաճի՞ էր, Սոֆյա Հովսեփյանն ասում էր, որ ոչ, Մակունցն արձագանքեց․
«Երբ ինչ-որ մեկը ներողություն է խնդրում, լավ մենք ի՞նչ ենք ուզում։ Մարդն ինչ-որ սխալ խոսք էր արտահայտել, որն ունեցել է բուռն արձագանք, որն ինձ համար եւս անընդունելի էր, որի մասին ես ասել եմ ոչ միայն տիկին Հովսեփյանին, այլեւ պարոն Սարուխանյանին։ Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ունենալուն, առիթ եմ ունեցել խոսել խմբակցությունում եւ այսօր ավելի քան, երբեւէ այս հարցը դառնում է առաջնային։ Ամռան ընթացքում իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում եմ ԱԺ-ում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել եւ առաջիկայում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ես ինքս հետամուտ եմ լինելու նրան, որպեսզի այդ հարցը քննարկվի ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում, որը կարող է տեղի ունենալ միայն սահմանադրական փոփոխությամբ։ Դրան պետք է գնալ, որպեսզի ցանկացած դեպք, որն առնչվում է այնպիսի հարցերին, որը մենք կարծում ենք, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի, առանց հատուկ որոշում ընդունելու Էթիկայի հանձնաժողովը որոշում ընդունի և քննարկի այդ հարցերը»։