Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահական ակադեմիայում ամբիոն կղեկավարի
ОбществоՌուսաստանի նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում, որն ավելի հայտնի է իբրև Նախագահական ակադեմիա, բացվել է նոր՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամբիոն։ Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունից, ամբիոնը ստեղծելու մասին համաձայնագիրը Մոսկվայում՝ «Գայդարյան ֆորումի» շրջանակներում, ստորագրել են ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն ու նախագահական ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն։
«Համաձայնագիրը նախատեսում է երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների մեկնարկ ակադեմիայի և ԵՏՀ-ի միջև։ Ամբիոնը զբաղվելու է գիտամեթոդաբանական և գիտահետազոտական աշխատանքներով իրավունքի, թվային տնտեսության, միգրացիոն գործընթացների, մաքսային գործի և այլ ոլորտներում», - ասվում է ԵՏՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ։
«Մենք շնորհակալ ենք ԵՏՀ-ին ու անձամբ Տիգրան Սարգսյանին այս համաձայնագիրը կնքելու համար։ Հատկապես մեզ համար արժեքավոր է, որ սա առաջին փաստաթուղթն է՝ ստեղծելու ամբիոն, որը ստորագրել է Հանձնաժողովի կողմից», - ասել է Մաուն։
Ի դեպ, Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից թողնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ՌԴ նախագահական ակադեմիայում ստեղծվող ամբիոնը հենց նա է ղեկավարելու։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է ակադեմիայի ռեկտորը։