Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու. Աշոտյան
БлогосфераՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարգելի լրագրողներ,
Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:
Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք:
Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու: Մի եկեք, որ դրսում չմրսեք:
Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այսօրվա իր Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում կանդրադառնա ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նիստը տեղի կունենա այսօր՝ 18.30-ին, ՀՀԿ գրասենյակում՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
«Նիստը նշանակված է եղել, դեռ, մեկ շաբաթ առաջ, և ամենևին պայմանավորված չէ այսօրվա դեպքով, սակայն քանի որ եղել է դեպքը, պետք է քննարկենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: