Ժամանակը չի կարող փոխել ցեղասպաններին. Սասուն Միքայելյան
ԱրցախՔննարկվում է մի հարց, որին ականատես եմ եղել նաև ես՝ Արցախյան ազատամարտի տարիներին: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«1990-ի հունվարին Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունը. նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ ու դժվարություններ: Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից, ում մազերը կապել էին մեքենայից, քարշ տվել, այնքան էր մաշվել, որ մնացել էին գրեթե ոսկորները: Սակայն, բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Եղել են դեպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակություն կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել: Այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ և այդ մասին պետք է իմանան բոլոր միջազգային ատյանները, քաղաքակիրթ մարդկությունը և իր աջակցությունը հայտնի ցեղասպանության և ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին»,- ասաց Միքայելյանը:
Նա նշեց՝ չպետք է հույս ունենալ, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին, որի ապացույցն են Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագությունները: