Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը
Արտաքին ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը:
«Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ»,-նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշել էր Կլաուս Շվաբը:
Հունվարի 20-24-ը շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: