Մի շաբաթ առաջ էլ պարոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական«Պարոն Մարուքյանն ասում է` երևի պարոն Ռուբինյանը նեղվում է, որ իր հետ սուրճ չեմ խմում, ինչի՞ պիտի խմեմ սուրճ, բայց ասեմ, որ մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում, ուղղակի, բարոյականությունս թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներով էր իմ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ հարցերով էր խորհուրդներ տալիս»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ այսօր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտարարեց, թե հենց գործող իշխանությունն է կարոտել նախկին իշխանություններին և Ռուբեն Ռուբինյանն օրերս Արմեն Աշոտյանի հետ սուրճ է խմել։
Նա, կոչով դիմելով ընդդիմադիր գործընկերներին, առանձնացնելով, հատկապես, Էդմոն Մարուքյանին՝ նշեց, որ իր հետ պետք չէ սուրճ խմել, ընդամենը, պետք է պահել կոռեկտ և լինել բովանդակային դաշտում։
«Ես հույս ունեմ, որ պարոն Մարուքյանը հաջորդ սուրճը խմելուց հետո կխոսի «Լույս» խմբակցության անդամների հետ, և նրանք համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգան»,-նշեց նա։