Լավրովին Վրաստան չթողնելով՝ կբարկացնենք եվրոպական գործընկերներին. Մարգվելաշվիլի
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Վրաստան չթողնելով վրացական կողմը կբարկացնի իր եվրոպական գործընկերներին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Սա շատ բարդ թեմա է: Նմանատիպ քաղաքական թեմաները միշտ ունենում են մի քանի կողմ: Առկա է էմոցիոնալ կողմ, որի մասին չեմ ծավալվի: Այս դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե Վրաստանի, այլ մեր եվրոպական գործընկերների հյուրն է: Եթե նայենք իրականության աչքերին, ո՞րն է մեզ համար որոշիչ գործոն: Այդ գործոնով էլ պետք է առաջնորդվենք»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Թբիլիսիում մայիսի 14-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: