Ոստիկանությունը գրպանահատների հետ կապված հայտարարություն է տարածել եւ խորհուրդներ տվել
ՀասարակությունՈստիկանությունը քաղաքացիներին ուղղված հայտարարություն է տարածել՝ կապված գրպանահատների հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական տրանսպորտում ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, դրանք պահեք տեսադաշտում։
Բազմաթիվ դեպքերում գրպանահատը, հափշտակելով դրամապանակը, բացի փողից գտնում է նաեւ բանկային քարտ՝ ծածկագրով հանդերձ։ Եթե քաղաքացին չի հասցնում արգելափակել այն բանկի միջոցով, հանցագործը կանխիկացնում է քարտի գումարը։
Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին։
Փորձը ցույց է տալիս, որ գրպանահատները գործում են թե՛ մենակ, թե՛ խմբով։ Հիմնականում` խմբի մի մասը երթուղային տրանսպորտում շեղում է ուղեւորների ուշադրությունը, իսկ մյուս մասը հափշտակում է իրեր։ Ինչ էլ լինի` ձեր իրերը պահեք ձեզ մոտ եւ մարդաշատ վայրերում եղեք առավել ուշադիր»: