Յուրաքանչյուրս ունենք մեկ փամփուշտ հին Հայաստանի գլխից այն աշխարհ ուղարկելու համար. Հայկ Կոնջորյան
ՔաղաքականԵրբ հին ռեժիմի հոգեզավակները խոսում են սահմանադրականության մասին, դա նույնն է, որ մարդակերը խոսի իր կերած մարդկանց անունից: Կարող է արդյո՞ք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից: Սահմանադրության փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ վերջիններս իրավունքի պաշտպաններ չեն, իրավունքի ղասաբներ են, ովքեր իրավունքի սպանդանոցներում ՀՀ ժողովրդի սահմանադրությունը, իրավունքը, օրենքներն ու օրենսդրությունը կերել են:
«ՍԴ-ի վերաբերյալ հնչում են տեսակետեր, կարծես մենք մի քանի օր առաջ ենք դրա մասին իմացել, կարծես մոռացել ենք, որ ՍԴ-ն Հայաստանի ընտրակեղծարարության, ժողովրդավարության ապականման, ժողովրդի կամքի ոտնահարման ինտիտուցիոնալ հիշողությունն է, որի շուրջ համախմբվել են հին ռեժիմի հոգեզավակները, քաղաքական դամբարանները թակողները, ովքեր ցանկանում են հետ վերադառնալ: Նրանք չեն վերադառնում ծաղիկներ ու շոկոլադ բերելու համար»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքերով, իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Մենք ասում ենք, որ ՀՀ քաղաքացիները որոշեն հարցը: Մեզ ասում են, թե չենք կարող, քանի որ ընթացակարգային խախտում կա: Ստացվել է, որ այդ խախտման շնորհիվ մինչև 2035 թվականը ՀՀ ժողովրդի իրավունքի վրա վետո է դրված: Մենք ուզում ենք կտրել ժողովրդի իրավունքի կապանքը: Այսօր ՍԴ-ն դարձել է քաղաքական շահերի սպասարկման, հին կոռուպմացված ռեժիմի վերջին բաստիոնը նոր Հայաստանում: Այնտեղ ամենակեղտոտ ձևով կրակում են նոր Հայաստանի վրա: Մի օր կկրակեն նաև նյութական ձևերով: Մենք էլ ունենք մեր կրակելիք բաժինը, որն անելու ենք փոխաբերական իմաստով: Մենք յուրաքանչյուրս ունենք մեկ փամփուշտ հին Հայաստանի գլխից այն աշխարհ ուղարկելու համար: Այդ փամփուշտը յուրաքանչյուրի մեկ քվեն է»: