«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացել
Հասարակություն«Նոյեմբերյան համայնքում փետրվարի 9-ին ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։ Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել են երիտասարդի դեմքը եւ ավտոմեքենան, իսկ տեղի ոստիկանները ճանաչել են նրան։ Ըստ իրավապահների շրջանում տարածված լուրերի, կողոպտիչն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի զավակն է եղել։ Այս մասին լուրը գրել է «Հրապարակ»-ը և հավելել, որ ոստիկանության մոտ աղբյուրը հայտնել է, որ երիտասարդին կանչել են բաժին։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, ճշտելու` դեպքի մանրամասները: «Այսօր, երբ լուրը տարածվեց ու աշխուժացավ, որոշեցի զանգել Ոստիկանության բաժնի պետին: Զանգեցի, հերքեցին, ասացին, որ նման դեպք չի եղել ու չի արձանագրվել»: Հարցին, թե որդու հետ արդյոք խոսել է, ինչ է ասում որդին, Ղալումյանը պատասխանեց. «Իհարկե խոսել եմ որդուս հետ, ինքն էլ է ժխտել լուրը»:
Պատգամավորը նշեց, որ հենց այդ օրը` փետրվարի 9-ին, Իջևանում է եղել` տանը, տղան էլ աչքի առաջ: «Մեծամասամբ տանն եմ եղել: Խմած չի եղել տղաս, իմ տեսադաշտում է եղել: Ծիծաղելի է, թե բա ավտոլվացման կետի սարք է կոտրել, մի քանի կոպեկ գողացել: Չգիտեմ էլ ինչ ասեմ»:
Դիտարկմանը՝ գուցե ճնշում է գործադրվել ոստիկանների վրա, որպեսզի չարձանագրեն դեպքը, Ղալումյանն ասաց. «Իմ կողմից կամ իմ աջակիցների կողմից չէր կարող ճնշում լինել ոստիկանների վրա, ես էդ մարդը չեմ, հեղափոխության արժեհամակարգն այլ է: Ես բացարձակապես հերքում եմ, թե կարող է ճնշում գործադրված լինել ոստիկանի վրա: Ամենածայրահեղ դեպքում անգամ, եթե իմ բարեկամների հետ կապված նման դեպք լինի, ես երբեք չեմ խառնվի: Ոչ արել եմ, ոչ էլ կանեմ»:
Ի դեպ, հոդվածում նաև ակնարկվում է այն փաստը, որ կա տեսանյութ և իրեղեն ապացույց: