Կրճատել անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամանակը․ պատգամավորների առաջարկը (տեսանյութ)
ВидеоՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկում են բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Բաղդասարյանը:
«Նախագծով առաջարկում ենք բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում: Գործող օրենսգրքով նախատեսված չէ անչափահասների օրինական ներկայացուցիչների վարույթից հեռացնելու ինստիտուտը, ինչը կարծում եմ, որ տեխնիկական վրիպակ է: Առաջարկում ենք արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից»,-ասաց Բաղդասարյանը:
Նա բերեց օրինակ, երբ հայրը եղել է մեղադրյալը, տուժողը՝ երեխան: Առաջարկում են, որ, օրինակ, այդ դեպքում արգելեն հորը լինել օրինական ներկայացուցիչ: Նախագծով առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ: Պատգամավորները նախագծով առաջարկվում է նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ:
Նախագծով, ընդհանուր առմամբ, առաջարկվում է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի քննությունը դարձնել առավել երեխայակենտրոն, արդյունավետորեն պաշտպանել վերջիններիս իրավունքներն ու ազատությունները, նրանց մասնակցությամբ հարցաքննությունը եւ առերեսումը դարձնել քիչ տրավմատիկ՝ չվնասելով ո՛չ երեխային, ո՛չ էլ քրեական գործի քննությանը: Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ օրենսգրքի կիրառման ընթացքում անչափահաս տուժողների եւ վկաների մասնակցությամբ քրեական գործերի քննության ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնց առկայությունը բացասաբար է անդրադառնում թե՛ անչափահասի եւ նրա իրավունքների պաշտպանության, թե՛ քննության արդյունավետության վրա: