«Ոչ»-ի կողմի նպատակը «Այո»-ից տարբերվող կարծիքը պաշտպանելն է․ Արսեն Բաբայան
ПолитическиеԵթե չնախաձեռնեինք «Ոչ»-ի գործընթացը՝ հնարավորություն չէր լինի վիճարկելու հանրաքվեի արդյունքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որը 60 այլ իրավաբանների հետ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու փաստաթղթերն է հանձնել ԿԸՀ։
«Սա մենք սկսեցինք, որ հնարավոր լինի հետագա իրավական գործընթացները կազմակերպելու։ Հիմա պետք է ստեղծել այդ հնարավորությունը, որ եթե լինեն խախտումներ, հնարավոր լինի վիճարկել»,-ասաց նա։
Արսեն Բաբայանը վստահեցրեց, որ իրենք քաղաքական պայքարի մեջ չեն մտնելու և չեն խոչընդոտելու հանրաքվեի գործընթացը․ «Խոչընդոտ կլիներ, եթե, օրինակ, չձևավորվեր «Ոչ»-ի կողմ։ Ձևավորման նպատակն է, որ հանրաքվեն լինի վերահսկելի»։
Բաբայանը նշեց, որ համագործակցություն կլինի բոլոր այն անձանց հետ, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենա ու դա արտահայտելու ցանկություն։
Որպես հանրային պաշտպանության խումբ՝ «Ոչ»-ի կողմը առանձնապես քարոզչություն չի անելու, փոխարենը տալու է հարթակ բոլոր այն անձանց, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։