Հայկ Սարգսյանը կրակել է թմրանյութի ազդեցության տակ․ տուժողի հայր
RightԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հրապարակվեց գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս բացակայում է Հայաստանից։
Ըստ ցուցմունքի՝ Սիմոնյանը զանգել էր որդուն՝ գործով տուժողին, սակայն հեռախոսազանգին պատասխանել էր մի կին և նշել, որ որդուն վիրահատում են։ Այնուհետև հիվանդանոց հասնելուն պես տեսել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Վկայի խոսքով՝ որդու ընկերների խոսակցություններից իր համար հասկանալի էր դարձել, որ որդուն կրակել են իրենց հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում, բայց այդ ժամանակ չէր իմացել՝ ով է եղել կրակողը․ «Ինձ սկզբից, թվաց թե Սաշիկն է խփել, սակայն որդուս ընկերներից մեկը հայտնեց, որ կրակողն Ալեքսանդր Սարգսյանի որդին էր, ով գտնվել է թմրանյութի ազդեցության տակ»,- ասվում է ցուցմունքում։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում: