«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կրկին չի կայացել․ գնորդ չկա
ՔաղաքականԾաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար կրկին գնորդ չի հայտնվել, այսօրվա հերթական աճուրդը տեղի չի ունենալու: Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Որևէ մեկը հայտ չի ներկայացրել, և աճուրդը չի կայացել»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ կառավարության որոշմամբ հաստատված է ևս երկու աճուրդի անցկացում՝ ընդհանուր 4 աճուրդ:
«Այդ աճուրդները չկայանալու դեպքում լրացուցիչ կքննարկվի հարցը: Առայժմ հաջորդ աճուրդի օրը չենք որոշել: Այդ աճուրդներից հետո կարող են քննարկվել հետևյալ տարբերակները՝ շարունակել աճուրդները, հավատարմագրային կառավարման տալ»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:
Հյուրանոցի առաջին աճուրդը նշանակված էր 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն դարձյալ չէր կայացել:
Նախորդ տարեվերջին Նարեկ Բաբայանը լրագրողներին ասել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը շուտով նոր սեփականատեր կունենա, քանի որ հետաքրքրվողներ կան: