Վանաձորի «Քիմպրոմը» ազոտական եւ կալիումական պարարտանյութ կարտադրի
ՏնտեսությունՎանաձորի «Քիմպրոմը» ազոտական և կալիումական պարարտանյութ է արտադրելու: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը՝ նշելով, որ «Քիմպրոմ» գործարանը պատրաստակամություն է հայտնել վերականգնելու իր նախկին արտադրությունը:
Նրա խոսքով՝ Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն աջակցելու են գործարանին՝ արտադրությունը կազմակերպելու, Հայաստանում վճարունակ պահանջարկը որոշելու, արտադրանքը լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար, ինչպես նաև ապահովելու խորհրդատվական համապատասխան ընթացքը:
Հիշեցնենք, որ հայրենական արտադրությունը ամբողջովին ի վիճակի է Հայաստանի գյուղատնտեսությանն ապահովել ազոտական պարարտանյութով՝ ամոնիումի նիտրատով: Այս մասին նշել էր գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը՝ հավելելով, որ Վանաձորի քիմիական գործարանը ԽՍՀՄ տարիներին ապահովում էր Հայաստանի համար անհրաժեշտ քանակության ամոնիումի նիտրատը:
Փորձագետը տեղեկացրել էր նաև, որ Վրաստանից ներկրվող սիլիտրան անորակ է՝ չի համապատասխանում միջազգային ստանդարտին, որովհետև անհրաժեշտ 30-33 տոկոս ազոտի փոխարեն պարունակում է 20-25 տոկոս ազոտ: