ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցներին
ԲլոգոսֆերաՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին»,-գրել է Միրզոյանը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: