Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետ
SocietyՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի իր ղեկավարած մարզի հատվածում իրավիճակն այժմ հանգիստ է: Այս մասին Չոբանյանն ասաց փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին շրջանում արձակած կրակահերթերին:
«Վերջին շրջանի իրադարձություններն էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որոնք լինում էին նախկինում: Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել: Անհանգստանալու ոչինչ չկա, բարեբախտաբար, մենք ունենք վիրավոր, որի կյանքին ոչինչ չի սպառնում: Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց Չոբանյանը:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: