ԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը
ИранԱռողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն առաջիկա հանգստյան օրերին կայցելեն Իրան՝ գնահատելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի առաքելության հետ կայացած հանդիպմանը, որը փետրվարի 19-26-ն այցելել էր Չինաստան:
«ԱՀԿ-ի թիմն առաջիկա հանգստյան օրերին կայցելի Իրան՝ աջակցություն ցուցաբերելու համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը փետրվարի 26-ին հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են: Նա նաեւ հայտնել է կորոնավիրուսի նոր չորս զոհի մասին: Այդպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 19-ի: 44 դեպքով վարակվածների թվի ավելացումն ամենաբարձր ցուցանիշն է դարձել փետրվարի 19-ից ի վեր:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին: «Կորոնավիրուսը չպետք Է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել է Ռոհանին կառավարության նիստում:
Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: