«Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը. Ցոլակ Ղանդիլյան (տեսանյութ)
Video«Երեկոյան Երևան» թերթի նախկին նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը կարծում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը: Այս մասին ասաց Ղանդիլյանը:
«Հեղինակը իմ գործընկեր Ստեփան Նարոյանն է: Նա մահացել է շատ շուտ»,- ասաց Ղանդիլյանը:
Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց նոր լոգոյի հաղթողի փոխարեն գումարը նախկին լոգոյի բնօրինակի հեղինակին տալու հնարավորությունը: Նա նշեց, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:
«Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անուn է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ կարծելու, որ հենց Ղանդիլյանն է նկարի հեղինակը: Սակայն միայն հեղինակը կարող է հաստատել դա: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին մեզ մոտ»,-նշել է Ենգիբարյանը: