Լավրովն Անկարային ցավակցություն է հայտնել Սիրիայում զինվորականների զոհվելու կապակցությամբ
ՌուսաստանՄոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում եւ, կրկնում եմ մեկ անգամ եւս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, որոնք Իդլիբի գոտում ապահովում են ապաէսկալացիայի ռեժիմը, ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:
Իդլիբում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: Գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք, ՌԴ-ի պաշտպանության նախարարության տեղեկավտությամբ՝ չպետք է գտնվեին այնտեղ: Դրա հետեւանքով զոհվել է Թուրքիայի բանակի 33 զինծառայող, վիրավորվել է ավելի քան 30 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: