Մենք չենք կիսում այդ կարծիքը, որ եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է․ Հրաչյա Հակոբյանը՝ Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին
ОбществоԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ զրուցել ենք հասարակություն-եկեղեցի կապերի մասին, նաեւ այն մասին, թե ինչպես կարող է իշխանությունն օժանդակել կամ մասնակցություն ունենալ եկեղեցու կողմից իրականացվող միջոցառումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Օրինակ, եթե խոսվում է եկեղեցիների վերանորոգումների մասին, մենք ասացինք, որ, եթե մեր կարիքը լինի, պատրաստ ենք դրան: Շատ տարբեր մտահոգություններ հայտնել ենք թե՛ մենք, թե՛ կաթողիկոսը, իսկ հանդիպումն անցել է շատ ջերմ, կառուցողական մթնոլորտում: Շատ ավելի շատ խոսել ենք լավ բաների մասին, քան մտահոգությունների»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը նշել էր, որ Հայ եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է Հայաստանում, արդյոք այդ հարցը նույնպես քննարկվել է, «Իմ քայլը»-ի պատգամավորն ասաց. «Այո, եղել է քննարկում, տարբեր արձագանքներ են եղել: Համենայնդեպս, մենք չէինք կիսում այդ կարծիքը, որ եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է: Խոսել ենք նաեւ այդ հրապարակման մասին»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա գնահատում, որ Էջմիածնում նախօրեին ինչ-որ մարդիկ «Ոչ»-ի հուղարկավորությունն էին կազմակերպել: Պատգամավորն ասաց, որ իր համար այդ երեւույթներն անընդունելի են. «Ինձ համար անընդունելի մեթոդներ են՝ ծաղկեպսակներ, գերեզմանաթմբեր, հուշաքարեր: Այդ ամենն ինձ համար անընդունելի է»: