ԱԺ-ում քննարկվում է վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:
Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը:
Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել: