Հայ-վրացական հարաբերությունները լավ են. իսկ ինչո՞ւ է «ցրվում» հայկական համայնքը (տեսանյութ)
ВидеоՔաղաքագետ Հրանտ Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի այցին Վրաստան՝ ներկայացնելով այցի ձեռքբերումներն ու բացթողումները։ Նա նշեց, որ սա վարչապետի երկրորդ այցն էր. «Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ եղել են խնդիրներ, որոնք հաղթահարվել են։ Եթե քաղաքական գործիչը նման արտահայտություն է արել, ուրեմն իրոք, այդ խնդիրները կարգավորել են»։
Քաղաքագետի կարծիքով՝ հայ-վրացական դրական հարաբերությունները ձեռնտու են երկու կողմին էլ։ Միքայելյանը նաև անդրադարձավ սահմանային խնդրին, որը մի քանի օր առաջ կար։ Խնդիրն այն է, որ Իրանից եկող ու դեպի Վրաստան գնացող բեռնատարների համար վրացական սահմանը փակ էր և բեռնատարները մնացել էին սահմանին. «Կարծում եմ դա բնական էր, քանի որ Իրանում կորոնավիրուսը շատ ավելի է տարածված, քան Հայաստանում և Վրաստանում»։
Քաղաքագետը անդրադարձավ նաև հայկական համայնքի խնդիրներին՝ նշելով որ հայ-վրացական հարաբերությունները խիստ լարված չեն եղել. «Բայց, ցավոք, վրացիների քաղաքականությունը իրենց պետության ներսում լավագույններից չէ։ Ջավախքից շատ են արտագաղթում, հայկական դպրոցների թիվը նվազում է, պետական կառույցներում հայկական ներկայացուցչություն համարյա չկա»։ Թեպետ, քաղաքագետը նաև նկատեց, որ ներկայիս վրացական իշխանությունները շատ ավելի հայամետ են, քան նրանք, ովքեր ցանկանում են իշխանության գալ։
«Կարծում եմ՝ հայկական իշխանությունները պետք է ձևաչափեր մտածեն, որպեսզի համայնքում առկա խնդիրները կարգավորվեն։ Մեր խնդիրն է հնարավորինս լուծել դրանք»,- ընդգծեց քաղաքագետը։