Քայլերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն բռնության ենթարկվող կանանց
ՀասարակությունԳյումրիում այսօր՝ մարտի 9-ին, քայլերթ է՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միջոցառման կազմակերպիչը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն են ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ:
«Մենք հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, լռությունն ու անտարբերությունը հասարակության կողմից։ Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր՝ բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կնասպանության դեպքերը գնալով նվազեն։ Այս կնոջ մահվան դեպքը որակվել է անզգուշությամբ մահ հասցելը, մենք հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս ծանր լինի պատիժը»,- ասում են քայլերթի մասնակիցները:
Քայլերթի մասնակիցները պարզել են «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում», «Ոչ բռնությանը», «Հերիք է՝ սպանեք մեզ», «Ոչինչ չի արդարացնում բռնությունը» գրություններով պաստառներ։