Համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
RightՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել և կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթև վնաս պատճառել նրա առողջությանը:
Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, և նրանք հեռացել են: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կմոիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այնուհետև, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել և ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նախորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: