«Վարչապետն ասում է՝ դեմ եմ, հետո ասում է՝ կողմ եմ». «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատարան են դիմել
Հասարակություն«300 աշխատողից մնացել է 15-20 աշխատող: Խախտվել են մեր իրավունքները, դրանք չեն պաշտպանվում ոչ ոքի կողմից»,- իրենց իրավունքների պաշտպանության պահանջով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի բազմաթիվ ցույցերից հետո հանդիպել են լրագրողների հետ:
«2 տարի անօրինական կերպով շրջափակված են մեր ընկերության ճանապարհները: Կառավարությունից շուտափույթ լուծում ենք պահանջում: Ինչ է նշանակում օրինական երկրում այսպիսի անօրինական ճանապարհով հարց լուծել: Վարչապետն ասում է՝ դեմ եմ, հետո ասում է կողմ եմ, չհասկացանք՝ խնդիրն ինչպես պետք է լուծվի: Հազար անգամ, հազար ձևով բարձրաձայնել ենք այս մասին, լսող չկա»,- ասում է «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական անվտանգության պատասխանատու Արթուր Հովսեփյանը:
Աշխատակիցներն օրեր առաջ հայց են ներկայացրել դատարան, որի պահանջն է՝ վերականգնել իրենց իրավունքներն ու ոչ իրավական ճանաչել ոստիկանության գործունեությունը:
«Պատրաստվում ենք պահանջել կառավարությունից, որ փոխհատուցի մեր բոլոր ֆինանսական կորուստները, ոչ միայն այս 2 տարվա, այլ նաև այն 15 տարիների, որոնց ընթացքում պետք է աշխատեր հանքը»:
Ամուլսարի հարակից համայնքներից եկած աշխատակիցները ներկայացրին իրենց ֆինանսական ծանր վիճակը, համայնքներում՝ Գնդեվազում, Գորհայքում, Սարավանում արտագաղթողների թվի աճն էլ կապեցին ընկերության աշխատանքի դադարեցման հետ:
«Մենք մինչև վերջ գնալու ենք և դիմելու ենք Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Մենք ստանալու ենք մեր կորուստների փոխհատուցումը»: